Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը

16 Հոկտեմբերի
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը

16 հոկտեմբերի 2019 թ.,  Երևան. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ՝ նախավերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:

Հանդիպման նպատակն է  աշխատանքային քննարկումների արդյունքում ստեղծել սովորած գործիքների վերջնական կիրառման օրինակներ, ինչպես նաև լսել մեդիա և ՏՏ ոլորտի փորձագետներին։

«Այսօրվա դրությամբ թվային տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ունեն լավ աշխատանք ունենալու և կարիերայում կամ բիզնեսում հաջողության հասնելու հարցում: Համացանցին միացած համակարգիչը և սմարթֆոնը հզոր գործիքներ են գիտելիքներ ձեռք բերելու, կապեր հաստատելու, աշխատանքային և կենցաղային բազմաթիվ հարցեր լուծելու համար: Մենք վստահ ենք, որ այն գիտելիքները, որոնք ստացան  մեր ծրագրի մասնակիցները, մեծագույն ներդրումը կլինեն նրանց ապագա կյանքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դասընթացների փուլի ավարտին արդեն իսկ լավ արդյունքներ ենք գրանցել, այսօր էլ ներկայացվել են մասնակիցների կողմից պատրաստված նախագծերը։ Իհարկե միանշանակ է, որ դեռևս անելիք ունենք ՏՏ գրագիտության և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման գործում՝ հատկապես միջնակարգ կրթության ոլորտում։ Այդ առումով կարևոր է թե՛ երեխաների ու ծնողների, թե՛ դաշտում աշխատող մասնագետների ու կրթական համակարգի որոշում կայացնողների ներդրումը, որպեսզի թվային հնարավորությունները ճիշտ ու գրագետ կիրառվեն ու ազդեն անհատի ձևավորման վրա։ Մեծ դեր ունի նաև տեղական բիզնեսների գիտակից մոտեցումը՝ ներդրումներ կատարելու մարդու անհատական աճին և աշխարհում կատարվող փոփոխություններին գրագետ արձագանքելու միտում ունեցող ծրագրերում», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում: