Հերթական 21 ուսանողները ներկայացրեցին իրենց առաջին աշխատանքային փորձը Beeline-ում

07 Նոյեմբերի
Հերթական 21 ուսանողները ներկայացրեցին իրենց առաջին աշխատանքային փորձը Beeline-ում

7 նոյեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ը «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի շրջանակում  ուսանողների համար ապահովում է հնարավորություն մասնակցել իրական նախագծերին, ստանալ աշխատանքային փորձ և դառնալ Beeline-ի աշխատող։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։

Այսօր 2019 թ-ի ծրագրի 21 մասնակիցները ներկայացրեցին ստաժավորման ընթացքն իրենց մենթորներին և  Beeline-ի աշխատակիցներին։

Ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, և այդ ընթացքում  Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող, որոնցից գրեթե 40% -ը համալրել են ընկերության շարքերը, գրանցելով մասնագիտական և կարիերայի աճ զանազան ստորաբաժանումներում: Ստաժավորման ծրագրին մասնակցությունը վճարվում է 11 ամիսների ընթացքում, ինչպես նաև ստաժորներն օգտվում են ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ արտոնություններից՝ ուսուցում Beeline կորպորատիվ համալսարանում, անվճար ծառայողական հեռախոսակապ և այլն:

«Հանդիսանալով միջազգային ընկերության մի մաս և լինելով Հայաստանի լավագույն գործատուներից մեկը՝ մենք նպատակ ունենք համալրել մեր ընկերության շարքերը նպատակասլաց, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդներով։ «Երրորդ սերունդ» ծրագիրը այդպիսի հնարավորություն է ընձեռում և՛ մեզ և՛ մեր ուսանողներին։ Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև,  հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, ինչը հնարավորություն կտա նրանց կիրառել իրենց գիտելիքները գործնականում և ուսմանը զուգահեռ ձեռք բերել աշխատանքային փորձ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ և ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն և այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am։